Գլխավոր » 2010»Փետրվար»18 » Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը որպես պանթուրքական ծրագրերի արյունալի հետևանք
21:01
Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը որպես պանթուրքական ծրագրերի արյունալի հետևանք
Մոտենում է Հայոց ցեղասպանության իննսունհինգամյակը: Մերօրյա Հայաստանի ներքաղաքական ու հասարակական կյանքում առավել ակտուալ է հայ-թուրքական "մերձեցման” գործընթացներին վերաբերող քննարկումներն ու մեկնաբանությունները, ինչը կարծես թե երկրորդ պլան է մղում Հայոց Ցեղասպանության տարելիցի մոտեցման ու Հայոց ազգային պահանջատիրության ուշագրավության հարցը հայ հասարակության ուշադրության կենտրոնից: Իշխանական ու ընդդիմադիր մամուլի ամենօրյա քարոզչությունը էապես շեղել է հայ հասարակության ուշադրությունը Հայոց ազգային հիմնախնդիրներից, կապված Թուրքիայի հետ: Ամրապնդվում է կարծիքը, թե շուտով սահմանը կբացվի, հարաբերությունները կկարգավորվեն, ժողովուրդը կապրի լավ: Ոչ մեկը մինչ օրս չի կարողացել բացատրել, թե ինչպես դրականորեն կարող է ազդել սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա: Ինչևէ, մեր խնդիրն է իսկույն բանձրացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, սևեռել հասարակության ուշադրությունը այս հարցում: Առավել արդիական է այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ակտիվացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այն նպաստավոր է նրանով, որ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային անվտանգության օրակարգային խնդիր է պանթուրքիստական ծրագրերի դիմակայումն ու թուրքական էթնո-քաղաքական էքսպանսիայի խափանումը Միջին Ասիա, այնուհետև ՉԺՀ Սինցզյան նահանգ, որտեղ բնակվում է թուրքալեզու ազգաբնակչություն: Անցած տարի Սինցզյան նահանգում տեղի ունեցած լարվածությունն ու սեպարատիստական, թրքամետական գործողությունները զգալիորեն լարվածության մեջ գցեցին թուրք-չինական հարաբերությունները: Պաշտոնական Անկարայի մի շարք հայտարարությունները Սինցզյան նահանգում տեղի ունեցածի վերաբերյալ ավելի կարևորեց կովկասյան տարածաշրջանը ՉԺՀ համար: Ելնելով ներկայիս ստեղծած ծանր բարոյա-հոգեբանական իրավիճակից` առաջարկում եմ` Ա. Կազմակերպել ու իրականացնել պահանջի ակցիա ՉԺՀ դեսպանության առջև` պահանջելով ՉԺՀ իշխանություններից. 1. Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը որպես պանթուրքական ծրագրերի արյունալի հետևանք: 2. Գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը քսաներորդ դարում պանթուրքական ծրագրերի հետևանք է և ինչպես Թայվանը պետք է միավորվի Չինաստանին, այնպես էլ Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ: Բ. Բողոքի ակցիան կունենա հետևյալ հետևանքները Հայաստանում. Կվերսկսվեն պահանջատիրական ակցիաները Երևանում, որոնք 2008 թ. սեպտեմբերից փաստորեն դադարեցվել են: Բողոքի ակցիան առաջին անգամ տեղի կունենա Ասիայի գերտերության դեսպանության առջև Հայոց ցեղասպանություն թեմայով, ինչը ելնելով թուրք-չինական բարդ հարաբերություններից, կարող է դրական արդյունքներ տալ: Ակցիան ցույց կտա Թուրքիայի կառավարությանն ու որոշ հայաստանյան չինովնիկների, որ Ցեղասպանության հարցը օրակարգում է և այն չի կարող սառեցվել դիվանագիտական "խաղերի” խաչմերուկներում: