Ս/թ ապրիլի 15-17-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, գտնվելով
Թիֆլիսում, Վրաստանի ԿԳ նախարար Դ. Շաշկինի հետ ի թիվս այլ հարցերի`
պայմանավորվածություն ձեռք բերեց նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական
լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի ամբիոն բացելու մասին: Առաջին
հայացքից ողջունելի այս փաստին հետևեց պարոն Աշոտյանի հայտարարությունը,
ըստ որի` «Ջավախքում հայկական պետական բուհի բացման կարիք
այլևս չկա, հետևաբար` խնդիրը, որը երկկողմ հարաբերություններում համարվում
էր ցավագին հարց, այժմ լուծված է»:
Մենք չգիտենք, թե
ՀՀ ԿԳ նախարարին ինչն է ստիպել անելու նման հայտարարություն, սակայն
պարզորոշ են մի քանի հանգամանքներ.
· Ջավախքում հայկական կամ
հայ-վրացական պետական բուհի հիմնումը դա ջավախահայության հարատև պահանջն է,
և այդ հարցը «լուծված» կամ «փակված» կարող է համարել / չհամարել միմիայն
նա:
· ՀՀ-ի պաշտոնյաների, այդ թվում Ա.
Աշոտյանի խնդիրն է օժանդակել ջավախահայության կողմից առաջադրված հարցերի
լուծմանը, այլ ոչ թե վերջինիս փոխարեն հանդես գալ ինչ-ինչ
նախաձեռնություններով կամ անպատասխանատու հայտարարություններով:
· Ջավախքում հայկական պետական բուհի
հիմնումը միայն վրացերենի ուսուցման ապահովում չէ, այլ` ջավախահայ
երիտասարդությանը հայրենի հողում պահելու, Ջավախքում կրթամշակութային
կյանքը զարգացնելու միջոց:
Ելնելով այս
իրողություններից` հայտարարում ենք.
- ԵՊԼՀ-ի վրացերեն
լեզվի ամբիոնի բացումը ողջունելի է, սակայն այն չի կարող փոխարինել
Ջավախքում հիմնվելիք հայկական պետական բուհին: Ավելին` դեռ պարզ չեն այն
մեխանիզմները, թե ավելի քան մեկուկես հազար ջավախահայ ուսանողներն ինչպես
են կազմակերպելու իրենց վրացերենի ուսուցումը վերոհիշյալ ամբիոնում:
Հետաքրքիր է, մինչ այսօր ԵՊՀ-ում գործող Շ. Ռուսթավելու անվան
վրացագիտության կենտրոնի տեղը նրանցից քանիսը գիտեր: Մենք բոլոր հիմքերն
ունենք կարծելու, որ նոր բացվող ամբիոնը ևս կունենա հնի ճակատագիրը:
- Ջավախահայության`
հայկական պետական բուհի բացման մասին արդարացի պահանջների անտեսումը կամ
շրջանցելը բոլոր առումներով դատապարտելի է:
- ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի
հայտարարությունը ոչ մի ընդհանուր աղերս չունի ջավախահայ ուսանողների
խնդիրների հետ: Հուսով ենք, որ այս ամենի տակ չկան տարատեսակ կասկածելի
հանգամանքներ, և հայտարարությունը չի արվել վրացական ճնշումների
պայմաններում, այլ այն պարոն Աշոտյանի անմտածված քայլի արդյունք է:
Լավ կլիներ, որ
պարոն Աշոտյանն իր հայտարարությունից առաջ այցելեր Ջավախք, տեղում լսեր
կազմակերպությունների պահանջները, մի քիչ խորհեր, նոր անցներ գործի:
Ազգային նոր
պահպանողական շարժման Կենտրոնական կեմիտե
|