Գլխավոր » 2010 » Մարտ » 8 » Իլհամական լուսաբացների առանձնահատկությունները
21:00
Իլհամական լուսաբացների առանձնահատկությունները
Իլհամն այդ օրը սովորականից շուտ էր արթնացել: Դրսում դեռ մութ էր, նույնիսկ Սաֆար աքաղաղը դեռ չէր շտապում ազդարարել, որ արդեն առավոտ է: Բայց Իլհամն այլևս անկարող էր սպասել Սաֆարի ազդանշանին, այդ պատճառով էլ սկսեց հագնվել: Սենյակում մութ էր, հազիվ գտավ շորերը: Հագնվեց, իսկ հողաթափերը որևէ կերպ գտնել չէր կարողանում: Սկսեց ձեռքով շոշափել հատակը, բայց դրանք չկային ու չկային: Լույսը վառել չէր ուզում, որպեսզի իր գեղեցկուհին չարթնանա: Իսկ իր գեղեցկուհուն անհանգստացնել Իլհամը, իհարկե, ի զորու չէր: Ուստի գերադասեց մինչև լուսաբաց բոբիկ մնալ: Հուշիկ քայլերով մոտեցավ գրասեղանին, մթության մեջ խարխափելով գտավ իր շատ սիրելի նոթատետրը, որին փաղաքշաբար <<Օքյուլ դեֆթերի>> էր անվանում: Քնքշորեն շոյեց նրա կազմը, և դուրս եկավ սենյակից: Մտավ խոհանոց. Այստեղ արդեն կարելի էր լույսը վառել... Ահա նստած է Իլհամը խոհանոցում` մտախոհ ու ոտաբոբիկ, իսկ գազօջախին եռում է թեյնիկը: -Շուտով թեյը պատրաստ կլինի ,- բարձրաձայն մտածեց Իլհամը: Նա բացեց իր նոթատետրը ու սկսեց մեկ առ մեկ ծանոթանալ իր այսօրվա ծրագրերին: - Գնալ վարսավիրի մոտ... <<Այո, դա կարևոր է, անպատճառ հարկավոր է կարճացնել մազերը, այլընտրանք չկա:Բայց, չնայած գեղեցկուհուց թախանձանքներին, բեղերին 100 տոկոս ձեռք չեմ տալու...>>: Քանի- քանի անգամ էր նա իր գեղեցկուհուն փորձել համոզել, որ բեղերը <<Իլհամական իմիջի>> յուրահատուկ և անբաժանելի մասնիկն են: Բայց գեղեցկուհին շարունակում էր իրենը պնդել: Կնոջը չնեղացնելու համար Իլհամը խոստացավ սափրել բեղերը հենց այն օրը, երբ Ղարաբաղը միանա Ադրբեջանին: Այսպիսի խոստում տալը, ըստ Իլհամի, բավական հեշտ էր, քանի որ նա 95 տոկոսով համոզված էր, որ հայերը տարածքները երբեք չեն զիջի: Սակայն իր միամիտ սիրունիկը <<կուտը կերավ>>, և համաձայնեց սպասել մինչև հայերը տարածքները վերադարձնեն... Իլհամը հանկարծ հիշեց, որ այսօր նաև պետք է հանդիպի Գվատեմալայի նախագահի հետ , ով յոթօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու: <<Հմմ, չեմ հասկանում, ինչով պետք է այս մարդը յոթ օր զբաղվի Բաքվում: Բան ու գործ չունի: Հմմ, բայց կարող եմ օգտվել ընձեռնված հնարավորությունից և գվատեմալացի պաշտոնակցիս ականջին կաթեցնել, որ հայերը լավը չեն...>>,- փայլատակեց Իլհամի գլխում: Այդ օրը նա նաև նախատեսել էր մեկնել Բաքվի պետական համալսարան: Ուրիշ որտեղ կգտներ կճարեր ավելի լավ ամբիոն` Հայաստանին և Արցախին պատերազմով սպառնալու համար: Բայց, անկեղծ ասած, Իլհամն արդեն հոգնել էր ամեն շաբաթ նման հայտարարություններով հանդես գալուց, ուղղակի զզվել էր: Նա խոսում էր հսկայական ռազմական բյուջեի ,մարտունակ` <<ռեմբոներով>>, <<տերմինատորներով>> և <<վանդամներոով>> լի մի բանակի մասին, որը ցանկացած պահի ատոմային ռումբի պես կարող էր վերացնել ամբողջ տերություններ: Իսկ իրականում Իլհամի սիրտը կտոր-կտոր էր լինում… <<Ախ, ասածներիս գոնե 5 տոկոսը համապատասխաներ իրականությանը: Ախր ես ոնց էս կիսավայրենիներին հասկացնեմ , որ հայրենիքի համար մարտնչել է պետք, նույնիսկ զոհվել: Տեսնես հարևանս իր զինվորներին այդքանը ինչպես է հասկացնում>>,- մտածում էր նա, անդադար մտածում,բայց չէր կարողանում լուծել այդ հանելուկը… Իսկ լույսը կամաց-կամաց բացվում էր: Թեյնիկում եռացող ջուրը արդեն 20 րոպե բլթբլթում էր, իսկ Իլհամը` մտքերի մեջ խորասուզված, նստած տեղում ննջում էր` հույս ունենալով երազում պարզել հարևանի գաղտնիքը...